Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Հայրենիքի անվտանգությունը առուծախի առարկա չէ

Հայրենիքի անվտանգությունը առուծախի առարկա չէ
24.01.2016 | 21:10

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հոնվարի 23-ին, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում մասնակցել է Սուրբ Սարգիս զորավարի տոնին նվիրված հանդիսավոր միջոցառմանը, որը տեղի է ունեցել թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հանդիսապետությամբ: Միջոցառման շրջանակներում կատարվել է պետական սահմանի առաջնագծում ծառայության ընթացքում առավել աչքի ընկած երիտասարդ զինծառայողների օրհնության կարգ:
Սահմանային գոտում մարտական հերթապահություն իրականացրած լավագույն ժամկետային 25 զինծառայողների Սուրբ Սարգսի տոնի առիթով Արարատյան Հայրապետական թեմը պարգևատրել է Ս. Սարգիս Զորավարի խորհրդանշական զարդապատկերով ու տոնը խորհրդանշող հուշանվերներով:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Երիտասարդների օրհնության օր հռչակված Սուրբ Սարգսի տոնին նվիրված միջոցառմանը զինվորների հետ ներկա են եղել նրանց ընտանիքի անդամները, ՀՀ պաշտպանության նախարարը, Երևանի քաղաքապետը, բարձրաստիճան զինվորականներ: ՀՀ նախագահը տոնի կապակցությամբ շնորհավորական խոսք է հղել. «Ես մեծ հաճույքով շնորհավորում եմ ձեզ այսօրվա տոնի՝ Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Զորավար Սարգիսը զինվորականության, երիտասարդության, սիրո ու հավատարմության, այսինքն` անդավաճան լինելու սուրբն էր: ՈՒստի, հատկապես այսօր ես ուզում եմ շնորհավորել այստեղ ներկա մեր զինվորներին, ովքեր զորակոչվելով հայկական բանակ, պարզ զինվորից վերածվել են Հայրենիքի զինվորի: Հայրենիքի զինվոր կարող է լինել նա, ով գիտակցում է, ով համոզված է, որ մեր Հայրենիքի անվտանգությունը, մեր Հայրենիքի պաշտպանությունը կախված է մեզնից յուրաքանչյուրից: Եվ այդ մեծ, բազմամարդ կոլեկտիվում եթե մեկը իր պարտականությունները կատարում է թերի, մնացածի վրա է բարդվում հավելյալ դժվարությունը: Հայրենիքի զինվոր կարող է դառնալ նա, ով գիտակցում է, որ լիարժեք կատարելով իր պարտականությունը, իր պարտքը՝ առաջին հերթին պաշտպանում է իր ծնողներին, պաշտպանում է իր քույրերին, եղբայրներին, իր ապագա երեխաների մորը, իր հայրենի օջախը և այս հավաքականության մեջ՝ մեր Հայրենիքը:
ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել ձեր ծնողներին, ձեր ուսուցիչներին, բոլոր նրանց, ովքեր անկախ սոցիալական վիճակից, շատ մեծ դժվարությամբ, տառապանքով ձեզ ծնել, դաստիարակել ու կրթել են, և դուք դարձել եք մեր Հայրենիքի լիարժեք քաղաքացիներ: Իմ խորին շնորհակալությունը ձեզ, սիրելի ծնողներ: ՈՒզում եմ, սիրելի զինվորներ, ձեզ մաղթել բարի ծառայություն, անփորձանք ծառայություն: ՈՒզում եմ վստահ լինեք, որ ես, որպես Գերագույն գլխավոր հրամանատար, պաշտպանության նախարարը, որպես մարդ, որ քսանչորս ժամ զբաղված է մեր զինված ուժերի բոլոր գործերով ու խնդիրներով, ամեն ինչ անում ենք, որ դուք ունենաք ժամանակակից սպառազինություն, որ այն հատվածում, որտեղ դուք պատասխանատվություն եք կրում՝ լարվածություն չլինի: ՈՒզում եմ բոլորիդ հավաստիացնել, որ մենք մեր Հայրենիքի պաշտպանությունը, անվտանգությունը երբեք առուծախի առարկա չենք դարձրել ու չենք դարձնի: Վստահ եղեք, որ ձեզնից առաջ ծառայողների, նաև, անշուշտ, մեր նահատակված զինվորականների վաստակը լինելու է այն հիմքը, որի վրա Հայաստանի Հանրապետությունը դառնալու է անխոցելի, ուժեղ պետություն: Եվ որպես փոքրիկ ուշադրություն ձեր լավ ծառայության, ես խնդրել եմ պաշտպանության նախարարին, որպեսզի ձեզնից այսօր ծառայության մեջ գտնվող զինվորներին հատկացնի 10-օրյա արձակուրդ, որ կարողանաք ձեր ծնողների, մերձավորների հետ անցկացնել այս մի քանի օրը: Մեկ անգամ ևս սրտանց շնորհավորում եմ բոլորիդ և շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ ՀՀ արժանի քաղաքացի լինելու համար»:

Դիտվել է՝ 911

Մեկնաբանություններ